ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 13-18-ին կայցելի Գերմանիա, Իսրայել, Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ՝ քննարկելու արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման պատանդների ազատ արձակումը, Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրերը եւ Իրանին հակազդելու հարցը: Այս մասին նշվել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսի չորեքշաբթի տարածած գրավոր հայտարարությունում։

Ռուբիոն փետրվարի 13-ին կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Այնտեղ, Բրյուսի խոսքով, նա «օտարերկրյա գործընկերների հետ կքննարկի ԱՄՆ մի շարք առաջնահերթություններ»։ «Մյունխենում Ռուբիոն կմասնակցի նաեւ Յոթնյակի երկրների դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը»,- նշվել է հաղորդագրությունում։

«Այնուհետեւ փետրվարի 15-18-ին նա կայցելի Իսրայել, Սաուդյան Արաբիա եւ ԱՄԷ»,- նշվել է փաստաթղթում։ Այս երկրներում Ռուբիոն հանդիպումներ կունենա պաշտոնյաների հետ՝ «տարածաշրջանում համագործակցությունն ամրապնդելու, կայունություն եւ խաղաղություն ապահովելու համար»։ «Ուղեւորության ժամանակ ուշադրության կենտրոնում կլինի ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող ամերիկացի եւ այլ պատանդների ազատ արձակումը, առաջընթացը Գազայի հրադադարի երկրորդ փուլի համար եւ Իրանի ու նրան ենթակա ուժերի ապակայունացնող քայլերին հակազդելը»,- ավելացրել է Բրյուսը: