Ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը 2010 թվականից ի վեր առաջին անգամ աճել է՝ հասնելով 1,2 միլիարդի, հայտնել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP):
«Բազմաչափ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը 2010 թվականին այս ցուցանիշի ներդրումից ի վեր առաջին անգամ աճել է՝ հասնելով 1,2 միլիարդ մարդու», — հետևում է 2026 թվականին թարմացված Բազմաչափ աղքատության գլոբալ ինդեքսի տվյալներից, որը հրապարակել են UNDP-ն և Օքսֆորդի համալսարանին առընթեր Օքսֆորդի աղքատության և մարդկային զարգացման նախաձեռնությունը:
Սա 51,5 միլիոնով ավելի է, քան նախորդ զեկույցում էր։
Այս 1,2 միլիարդ մարդկանց ավելի քան կեսը՝ 617 միլիոնը, երեխաներ են։
Նրանց 83%-ը բնակվում է գյուղական համայնքներում։
Միևնույն ժամանակ, տվյալները վկայում են այն մասին, որ բազմաթիվ երկրներ շարունակում են հաջողությունների հասնել, նշել են ՄԱԿ-ում։
Այսպես, վարկանիշում ուսումնասիրված 89 երկրներից 30-ը 15 տարուց էլ պակաս ժամանակահատվածում կիսով չափ կրճատել են այդ ցուցանիշը։
Դրական միտում է նկատվում, մասնավորապես, Եգիպտոսում, Նեպալում, Վիետնամում և Չինաստանում, որտեղ արձանագրվում են աղքատության կրճատման ամենաբարձր տեմպերը։
Նշվում է, որ աղքատության աճը մասամբ պայմանավորված է բնակչության թվաքանակի ավելացմամբ։
«Անգոլայում և Զամբիայում աղքատության մեջ ապրող բնակչության մասնաբաժինը նույնպես նվազել է, սակայն բնակչության աճի տեմպերը գերազանցել են աղքատության կրճատման տեմպերը, ինչի հետևանքով աղքատ մարդկանց ընդհանուր թիվը, այնուամենայնիվ, աճել է», — հայտնել են ՄԱԿ-ում։




























