Աշխարհով գրեթե 28 տարի ճանապարհորդելուց հետո՝ առանց շարժիչային փոխադրամիջոց օգտագործելու, Կառլ Բուշբին վերադարձել է բրիտանական հող։

57-ամյա նախկին բրիտանացի դեսանտայինն ավարտել է բազմամյա ճանապարհորդությունը, որը հայտնի է որպես «Գողիաթի արշավախումբ»։

Նա լքել է Պունտա Արենասը (Չիլի) 1998 թվականի նոյեմբերի 1-ին՝ երկու պայմանով. արգելվում էր երթուղու ընթացքում օգտագործել շարժիչային փոխադրամիջոց և չէր թույլատրվում վերադառնալ տուն՝ Անգլիայի Հալլ քաղաքի մերձակայք, մինչև ճանապարհորդության ավարտը։

Այդ ժամանակից ի վեր Բուշբին անցել է մոտ 31 հազար մղոն՝ այցելելով 29 երկիր։ Սկզբում նա ենթադրում էր, որ ճանապարհորդությունը կտևի մոտ 12 տարի, սակայն մի շարք անհաջողություններ և գլոբալ ցնցումներ երկարացրին այդ ժամկետը, դրանց թվում՝ վիզային սահմանափակումները, 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ընթացքում հովանավորչական աջակցության կորուստը, ՔՈՎԻԴ-19-ը և աշխարհաքաղաքական ցնցումները։