ԱՄՆ-ի Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատել են 2012 ֆինանսական տարում ԱՄՆ-ի օտարերկյա օգնության փաթեթը: Փաթեթով նախատեսվում է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին օգնություն տրամադրել 40 միլիոն դոլարի չափով` պահպանելով Լեռնային Ղարաբաղին հատկացվող ֆինանսական միջոցների ընթացիկ մակարդակը եւ կոչ անելով պահպանել հավասարակշռություն Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության առումով: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն:
«Ամերիկայի բոլոր հայերի եւ մեր ընկերների անունից ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել նրանց, ովքեր կողմնակից են հավասարակշռության պահպանմանը եւ Հայաստանին եւ Ղարաբաղին ֆինանսական օգնության հատկացմանը, այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը կրճատում է արտաքին օգնության իր ծախսերը: Մենք առաջիկա ամիսներին աշխատելու ենք այն ուղղությամբ, որպեսզի նյութապես օժանդակենք Հայաստանում բնակվող ընտանիքներին եւ ընդլայնենք 2013-ին Ղարաբաղի զարգացման ծրագիրը, ինչպես նաեւ քայլեր կձեռնարկենք Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի երկրորդ փաթեթը տրամադրման եւ հայ-ամերիկյան երկկողմ տնտեսական համաձայնության կնքման ուղղությամբ, որը կնպաստի առեւտրական հարաբերութունների խորացմանը եւ նոր աշխատատեղերի բացմանը»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Կովկասին հատկացվող ամերիկյան օգնության շրջանակներում Կոնգրեսը հաստատել է նախագահ Օբամայի` տնտեսական օգնության առաջարկը, այդ թվում 40 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին, 16.6 միլիոն` Ադրբեջանին եւ 66 միլիոն` Վրաստանին:
Բացի այդ, Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղին օգնություն է տրամադրում «նախորդ տարիներին համապատասխան մակարդակով եւ հակամարտության հետ կապված անհրաժեշտությունների համապատասխան»` միաժամանակ կոչ անելով «հակամարտության խաղաղ կարգավորման»: Տարեկան ԱՄՆ-ի կողմից Ղարաբաղին հատկացվող օգնությունը կազմում է մոտ 2 միլիոն դոլար:



























