Ինչպես եւ որոշված էր, ֆրանսիական խորհրդարանականները հինգշաբթի օրը կքննարկեն 1915թ. հայկական ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագիծը` հաշվի չառնելով Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների վատացման մասին Անկարայի սպառնալիքները: Այս մասին գրում է ֆրանսիական «Le Monde» թերթը` հղում անելով Reuters-ին:
Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օելյեն դա հաստատել է երեքշաբթի օրը, միեւնույն ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարը Թուրքիային զգուշացրել է, որպեսզի առեւտրի ոլորտում ոչ մի պատասխան քայլ չձեռնարկի:
Ընդդիմադիր սոցիալիստ պատգամավորներն իրենց հերթին իրենց խմբակցության նախագահ Ժան Մարկ Էրոյի միջոցով տեղեկացրել են, որ իրենք կողմ կքվեարկեն իրենց գործընկեր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագծին:
Թուրքիայի սպառնալիքներին ի պատասխան` Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը երեքշաբթի օրը կայացած ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան չպետք է մոռանա տնտեսական եւ առեւտրային ոլորտի միջազգային կանոնները. «Թուրքիան Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է եւ Եվրամիության հետ կապված է Մաքսային միությամբ,- նշել է Բերնար Վալերոն: - Այս երկու իրավական պարտականությունները ենթադրում են ԵՄ ձեռնարկությունների նկատմամբ ոչ խտրական վերաբերմունք»:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանին հետ կանչելու հնարավորությանը, նա Անկարային կոչ է արել հաշվի առնել «երկխոսության բարիքները», որի կարեւորությունն ընդգծել է Սիրիայի, Իրանի եւ Միջերկրածովյան Միության խնդիրների հարաբերակցությամբ:
Նա շեշտել է Թուրքիայի հետ հարաբերությունները «բոլոր բնագավառներում» զարգացնելու Ֆրանսիայի ցանկությունը:
Ֆրանսիայի նախագահի գրասենյակն իր հերթին առ այսօր հրաժարվում է որեւէ մեկնաբանություն անելուց:
Այնուամենայնիվ, Սարկոզին հոկտեմբերի սկզբին կատարած պետական այցի ընթացքում փաստացի արձանագրել էր օրինագծի դիտարկման ժամանակացույցը:
Երկրի ղեկավարը դեռ այն ժամանակ էր հարուցել Անկարայի զայրույթը, որն այս օրերին խորհրդարանական պատվիրակություն է ուղարկել Փարիզ` նախքան հինգշաբթի օրը օրինագծի դիտարկմանն անցնելը «խորհրդակցություն» անցկացնելու համար:
Թուրքական խորհրդարանականներին երեքշաբթի օրն ընդունել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն, որը նրանց հիշեցրել է, որ «Թուրքիան Ֆրանսիայի բարեկամն ու դաշնակիցն է, որի հետ միշտ ձգտում են երկխոսությունը շարունակել»,- տեղեկացնում է Ֆրանսիայի արտգործնախարությունը:




























