2011թ-ին արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունների ժամանակ, ՀԱԿ-ը երկխոսության գնալով իշխանությունների հետ, աջակցեց վարչախմբին` երկարաձգելով նրա իշխանությունը: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 21-ին, հրավիրված քաղաքական քննարկման ժամանակ նշեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը:
Նրա խոսքով, դրա արդյունքում, վստահությունն ու հավատը կորցրած ժողովրդի մեջ մի մեծ բազմություն առաջ եկավ, որը կասկածում է, որ հնարավոր է վարչախմբից ազատվել:
Մակեյանը նաեւ նկատեց, որ կա հասարակության մի ակտիվ շերտ, որը հավատում է հաղթանակին եւ պատրաստ է շարունակել պայքարը երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար: Հենց այսպիսի տրամադրությամբ էլ, ըստ նրա, ՀԱԿ-ը մուտք է գործելու 2012 թվական:
Ավելին, ընդդիմադիր գործչի ներկայացմամբ, գալիք տարին ավելի բարենպաստ է իշխանափոխության հասնելու համար, ինչին կնպաստի իշխանության` իրավիճակը փոխելու անկարողունակությունը: Բացի այդ, նրա խոսքով, ընդդիմությունն այսօր շատ ավելի կազմակեպված է, քան նախորդ նախագահական ընտությունների ժամանակ:
Պետրոս Մակեյանը եւս մի քանի պատճառներ առանձնացրեց, նշելով. «Իշխանությունների բոլոր սուբյեկտները ցանկացել են ձեռքերը լվանալ մարտի 1-ից, այն ամբողջովին գցելով Ռոբերտ Քոչարյանի վրա: Դաշնակցությունը կոալիցիայից դուրս է եկել, իսկ ՕԵԿ-ը վաղուց արդեն քաղաքական դիակ է: Իսկ ԲՀԿ-ն ոչ մեկ անգամ փորձում է ազատվել Սերժ Սարգսյանի կապանքներից, բայց դեռ չի ստացվում: Չի բացառվում նաեւ, որ դա նաեւ թատերական ներկայացում է: Ի վերջո, իշխանության ներսում կադրային տեղաշարժն ինչ-որ պահի աշխատելու է ընդդեմ Սերժ Սարգսյանի: Ավելին հասրկությունը քաղաքականապես անհամեմատ հասունացել է»:



























