«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ իրենց կուսակցությունն առաջիկա խորհրդարանում ներկայացված է լինելու բավական լայն կազմով: Այս մասին նա ասել է այսօր` դեկտեմբերի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով, «Ժառանգության» նպատակը ոչ թե սոսկ խորհրդարանում տեղեր ունենալն է, այլ լուրջ խնդիրներ լուծելը:
Ինչ վերաբերում է ազատ, արդար ընտրություններ անցկացնելու նպատակով շահագրգիռ քաղաքական ուժերի հետ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ ձեւավորելու առաջարկին (նման բան առաջարկել էր ՀԱԿ-ը), Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ժամանակին իրենք ՀՅԴ-ի հետ ԸՕ-ի վերաբերյալ առաջարկներ են մշակել: «Ու թեեւ այն ժամանակ մենք չստացանք արտախորհրդարանական ընդդիմության աջակցությունը, բայց ես նաեւ չեմ կարծում, որ մենք ընդդիմադիր դաշտում լինելով կարող ենք մեզ շռայլություն թույլ տալ, որ որեւէ պահի ընդդիմադիր որեւէ հատվածից այդ ուղղությամբ դրական քայլ կատարելու դեպքում մենք այդ մեկնած ձեռքը օդում թողնենք: Կարծում եմ, դա (ՀԱԿ-ի առաջարկը) կարելի է քննարկել: Սա իմ անձնական տեսակետն է, որովհետեւ կուսակցությունում այդ հարցը չի քննարկվել: Եթե իսկապես մենք տեսնենք, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները եւս համաձայնեն «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի արդեն արված համատեղ այդ առաջարկներին միանալ՝ ապա այդ համատեքստում ՀԱԿ-ի հետ համագործակցության համար որեւէ խնդիր չեմ տեսնում»,-նշեց «Ժառանգության» պատգամավորը:




























