Պետական ավտոճանապարհներին գովազդային վահանակների տեղադրման թույլտվությունների համար կստեղծվի էլեկտրոնային հաշվառման համակարգ: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Նրա տեղեկացմամբ` կառավարությանը ներկայացվել է որոշման նախագիծ, որի ընդունման դեպքում ճանապարհային գովազդների ներկայիս քաոսային վիճակը կվերանա: Մասնավորապես` քյաբաբ, խորոված եւ նմանօրինակ բովանդակությամբ գովազդները ճանապարհներից կվերացվեն: «Դա էսթետիկապես ճիշտ չէ, էլ չասեմ անվտանգության առումով»,- նշեց Մ. Վարդանյանը:

Նոր կարգի համաձայն` նախապես կառանձնացվեն այն վայրերը, որտեղ կթույլատրվի գովազդի տեղադրումը: Նախկինում գովազդատուն ինքն էր որոշում գովազդի տեղադրման վայրը, իսկ նախարարությունն ու ոստիկանությունը պարզապես տեղազննում էին իրականացնում: