Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի մինչեւ 30 հազար եվրոպացի զինվորական Ուկրաինա ուղարկելու ծրագիրը, գրում է Telegraph-ը։
Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Թրամփի հետ հանդիպման ժամանակ նա կմանրամասնի, թե ինչպես կարող են եվրոպական զորքերը կիրառել հրադադարի համաձայնագիրը, որը կարող է կնքվել Վաշինգտոնի միջնորդությամբ, հայտնում է BBC-ն։
Ըստ ծրագրերին ծանոթ արևմտյան պաշտոնյաների՝ նա կպնդի, որ ամերիկյան կործանիչներն ու հրթիռները պատրաստ լինեն Արևելյան Եվրոպայում, եթե Ռուսաստանը խախտի հրադադարի ռեժիմը:
Ինչպես նշում է Telegraph-ը, «անվտանգության ուժեր» ստեղծելու ծրագիրը ներկայացվել է այս շաբաթ Փարիզում եվրոպացի առաջնորդների արտակարգ գագաթնաժողովում։
Գագաթնաժողովից առաջ Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ անհրաժեշտության դեպքում խաղաղություն պահպանելու համար, սակայն ԵՄ որոշ երկրներ, դրանց թվում՝ Գերմանիան, Լեհաստանը և Իսպանիան, հայտարարել են, որ չեն ցանկանում խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա:



























