Չինաստանը կտրականապես համաձայն չէ չինական ապրանքների համար լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրք սահմանելու ԱՄՆ որոշման հետ՝ ֆենտանիլին առնչվող խնդիրների պատրվակով, ըստ Xinhua-ի՝ չորեքշաբթի հայտարարել է Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն:
Չինաստանը և ԱՄՆ-ը լայնածավալ և խոր համագործակցություն են ծավալել ֆենտանիլի դեմ պայքարում, հասնելով զգալի արդյունքների, նշել է նախարարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի միակողմանի բարձրացումը խաթարում է երկու երկրների միջև բնականոն առևտրատնտեսական հարաբերությունները։
Չինաստանում հուսով են, որ երկու կողմերն իրենց մտահոգությունները կլուծեն հավասար երկխոսության և խորհրդակցությունների միջոցով, ընդգծել է նա։
Ըստ Վան Վենտաոյի՝ առևտրատնտեսական հարաբերությունները Չինաստանի և ԱՄՆ հարաբերությունների կարևոր մասն են։ Աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների՝ Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական և առևտրային համագործակցության ամրապնդումը կարևոր նշանակություն ունի երկու երկրների զարգացման և համաշխարհային տնտեսական աճի համար:
Չինաստանի առևտրի նախարարը հավելել է, որ վերջին տարիներին երկու երկրների առևտրային գերատեսչությունները կարևոր դեր են խաղացել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության առաջմղման և խթանման գործում։
Չինաստանը պատրաստ է աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ երկխոսության ամրապնդման, տարաձայնությունների կարգավորման և փոխգործակցության ընդլայնման համար՝ հիմնված փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և շահեկան համագործակցության սկզբունքների վրա՝ դրանով իսկ ստեղծելով արդար և կանխատեսելի քաղաքական միջավայր երկու երկրների գործարար համայնքների միջև՝ հանուն գործնական համագործակցության», - եզրափակել է Վանգը։





























