Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` Վովա Գասպարյանի մտահղացմամբ` առաջիկայում նոր ստորաբաժանում է ստեղծվելու ոստիկանությունում, որն իրականացնելու է արտաքին գործունեություն, մասնավորապես զանգվածային միջոցառումների ժամանակ:
«Թեեւ այսպիսի ստորաբաժանումներ կան, օրինակ, պարեկապահակային ծառայությունում, սակայն այն էապես տարբերվելու է ՊՊԾ-ից: Այն, այսպես ասած, էլիտար ծառայություն է լինելու, որի ներկայացուցիչները պետք է բարձր գիտելիքներով ու մի շարք հմտություններով օժտված լինեն:
Տիրապետեն անգլերենին, առաջին բուժօգնություն ցուցաբերեն՝ ընդհուպ ծնունդ ընդունել, ինչպես նաեւ քաղաքացիների հետ ցիվիլ բանակցելու հմտություն ունենան: Նշենք, որ ՊՊԾ-ի դեպքում այս գործառույթը նախկինում իրականացնում էին Վալերի Օսիպյանն ու հայտնի Բազազը՝ Ռոբերտ Մելքոնյանը: Հավանաբար նրանք այլեւս չեն համապատասխանում միտինգ ցրելու ժամանակակից՝ գասպարյանական պահանջներին»:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ` Գասպարյանը հատուկ բծախնդրությամբ է ընտրում այս ստորաբաժանման թեկնածուներին: Նույնիսկ երեկ նրանց հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ պետք է լինեն «քաղաքացիների պահապան հրեշտակները»: Ի դեպ, նա խիստ կարևորել է երիտասարդ լինելն ու բարետես արտաքինը՝ թերեւս հրեշտակների իմիտացիա ստեղծելու համար: Կընդգրկվեն նաեւ կանայք: Այնպես որ, բազազների ժամանակն անցավ, եկել է երիտասարդ, ինտելիգենտ ու համակրելի ոստիկանների ժամանակը»,- գրում է «Հրապարակ»-ը:




























