Նախագահի թեկնածու, վարչապետ Վլադիմիր Պուտինի եկամուտները վեջին 4 տարիներին կազմել են շուրջ 18 միլիոն ռուբլի (մոտ 600 000 դոլար): Նման տվյալներ է ներկայացրել Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
ԿԸՀ-ի «Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու գրանցելու մասին» արձանագրության մեջ տվյալներ են բերվում վարչապետի եւ նրա կնոջ ունեցվածքի մասին:
Վլադիմիր Պուտինի եկամտի հիմնական աղբյուրը , ըստ պաշտոնական տվյալների, աշխատավարձն է: Վերջին տարիներին վարչապետը ամեն ամիս միջինը 360 հազար ռուբլի աշխատավարձ է ստացել: Աշխատավարձից բացի, Պուտինը զինվորական թոշակ է ստանում, ինչպես նաեւ բանկում ներդրած ավանդների եկամուտը եւ բաժնետոմսերի դիվիդենտները:
Համաձայն փաստաթղթի` Պուտինի բանկային տասնյակ հաշվեհամարներին 5,7 միլիոն ռուբլի գումար է նստած: Բացի այդ, Պուտինին են պատկանում «Սանկտ Պետերբուրգ» բանկի 230 բաժնետոմսերը: Կառավարության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում 77,7 քմ մակերեսով բնակարան ունի, ինչպես նաեւ 1500քմ հողատարածք Մոսկվայի շրջանում:
Վլադիմիր Պուտինի ավտոմեքենաների հավաքածուն հիմնականում կազմված է խորհրդային արտադրության հին մեքենաներից` 1960թ. ԳԱԶ Մ21, 1965թ. Գազ Մ213, 1987թ. ավտոմեքենայի «Սկիֆ» քարշակ, ինչպես նաեւ 2009թ. 21214 «Լադաներ»:
Վարչապետին անժամկետ օգտագործման համար Մոսկվայում 153,7 քմ մակերեսով բնակարան եւ Սանկտ Պետերբուրգում ավտոտնակ է հատկացվել:
Վարչապետի կնոջ` Լյուդմիլա Պուտինայի հաշվին 8,3 միլիոն ռուբլուց ավելի գումար է նստած: Նրա եկամուտը վեջին 4 տարիներին կազմել է 146,8 հազար: Լյուդմիլա Պուտինայի անունով գրանցված ոչ մի գույք չկա, գրում է dni.ru-ն:




























