Գյումրի-Երեւան ճանապարհին, դեկտեմբերի 21-ին, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի շրջվելու հետեւանքով վիրավորված 11 մարդկանցից, այսօր առավոտվա դրությամբ, Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցում է գտնվում 7-ը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է հիվանդանոցի գործադիր տնօրեն Խաչատուր Կարապետյանը, հավելելով, որ մյուս վիրավորները ստացել են բուժօգնություն եւ այսօր առավոտյան դուրս են գրվել հիվանդանոցից:
Նրա փոխանցմամբ, վիրավորներից ամենածանր վիճակում գտնվում է 40-ամյա Գայանե Ավագյանը, ով ստացել է գանգի բաց կոտրվածք: Նա այսօր առավոտյան գիտակցության է եկել, հիմա նրա մոտ նկատվում է նաեւ հիշողության վերականգնում, վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Մյուս տուժածները ավելի շատ վերջույթների ու կրծքավանդակի կոտրվածքներ են ստացել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լանջիկից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածին, Մարալիկի ոլորաններում, դեկտեմբերի 21-ին, ժամը 17:15-ին, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենա էր շրջվել: Երեւանից Գյումրի մեկնող «ԳԱԶԵԼ»-ի ղեկին եղել է Երեւանի բնակիչ, 51-ամյա Գագիկ Նիկոյանը: Վթարի հետեւանքով 11 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել, որոնցից 74-ամյա Շուշանիկ Սուվարյանը, ով վթարի հետեւանքով ստացել էր գանգուղեղային փակ կոտրվածք, մահացել է: Նրան փորձել են շտապ վիրահատել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել. նա մահացել է վիրահատական սեղանին:
Մյուս վիրավորներն են 32-ամյա Արմինե Մխիթարյանը, 73-ամյա Շուշան Սարդարյանը, 43-ամյա Կարինե Բեյբուրթյանը, 29-ամյա Քրիստինե Սուվարյանը, 26-ամյա Վարուժան Բիշարյանը, 43-ամյա Արեւիկ Մովսիսյանը, հայր ու աղջիկ Խաչատուր եւ Հասմիկ Աբրահամյանները: Վիրավորների մեջ ամենափոքրը 6-ամյա Մանե Խաչատրյանն է:



























