Իրաքի առողջապահության նախարարության տվյալներով` Բաղդադում դեկտեմբերի 22-ի առավոտյան տեղի ունեցած մի քանի պայթյունների զոհ է դարձել 31 մարդ: Ավելի քան 140 մարդ վիրավորվել է:
Ճշտված տվյալներով` Բաղդադի տարբեր շրջաններում նվազագույնը 11 պայթյուն է որոտացել, գրում է AFP-ն:
Հիշեցնենք, ավելի վաղ հայտարարվել էր երեք պայթյունի եւ չորս զոհի մասին:
Բաղդադի ահաբեկչությունները կատարվել են երկրի քաղաքական իրավիճակի վատթարացման պայմաններում, որը կապում են ամերիկյան զորքերի վերջնական դուրսբերման հետ:
Հիշեցնենք, իրաքյան իշխանությունները երկուշաբթի օրը փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմին ձերբակալելու հրաման էին արձակել, որը սունիական թեւի իսլամ է քարոզում: Սունիական «Ալ-Իրաքիա» կոալիցիան պաշտպանում է փոխնախագահին: Այն բոյկոտում է կառավարության նիստերը` վարչապետ Նուրի ալ-Մալիկին մեղադրելով իշխանությունը բռնազավթելու մեջ:
Սունիների եւ շիաների հարաբերությունները սրվել են նախագահ Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից եւ 2003թ. ԱՄՆ բանակի կողմից երկիրը օկուպացվելուց հետո: Կողմերը բազմիցս արյունալի ահաբեկչություններ են կազմակերպել միմյանց դեմ:




























