Դեկտեմբերի 22-ին Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով, ըստ վերջին տվյալների, 49 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարար Զիադ Թարիքը: Նրա խոսքով` շուրջ 170 մարդ վիրավորվել է:
Ավելի վաղ հաղորդվել էր 31 զոհերի եւ 140 վիրավորների մասին:
AFP-ի տվյալներով` Բաղդադի տարբեր շրջաններում նվազագույնը 11 պայթյուն է որոտացել: Դրանցից մի քանիսը որոտացել են բժիշկների, փրկարարների եւ ՆԳՆ աշխատակիցների դեպքի վայր ժամանելուց հետո:
Ոստիկանության կարծիքով` իրաքյան մայրաքաղաքի պայթյունների շարքը ահաբեկիչների համակարգված գրոհ է եղել:
Բաղդադի ահաբեկչությունները կատարվել են երկրի քաղաքական իրավիճակի վատթարացման պայմաններում, որը կապում են ամերիկյան զորքերի վերջնական դուրսբերման հետ:
Հիշեցնենք, իրաքյան իշխանությունները երկուշաբթի օրը փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմին ձերբակալելու հրաման էին արձակել, որը սունիական թեւի իսլամ է քարոզում: Սունիական «Ալ-Իրաքիա» կոալիցիան պաշտպանում է փոխնախագահին: Այն բոյկոտում է կառավարության նիստերը` վարչապետ Նուրի ալ-Մալիկին մեղադրելով իշխանությունը բռնազավթելու մեջ:
Սունիների եւ շիաների հարաբերությունները սրվել են նախագահ Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից եւ 2003թ. ԱՄՆ բանակի կողմից երկիրը օկուպացվելուց հետո: Կողմերը բազմիցս արյունալի ահաբեկչություններ են կազմակերպել միմյանց դեմ:




























