Հայաստանի իշխանությունների հետ որեւէ հեռանկար չկա, իսկ 2012 թվականին լուրջ խնդիրներ են լինելու: Այսօր` դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում նման կանխատեսում է արել Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:

Վերջինս նաեւ վստահ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները սոսկալի ձեւով կեղծվելու են: «Միաժամանակ վստահ եմ, որ մայիսի 6-ից հետո քաղաքական լուրջ փոփոխություններ կլինեն»,- նշել է Բագրատյանը:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ԲՀԿ-ին արված համագործակցության առաջարկին, Հրանտ Բագրատյանը նշել է, թե առաջին նախագահը հիանալի վերլուծություն է կատարել` դրդելով, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ժամկետից շուտ պարզեն իրենց հարաբերությունները:

«Այսօր կա երեք խոշոր քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ Հայ ազգային կոնգրեսը: Մենք հիացած չենք ԲՀԿ-ի ոչ անցյալով, ոչ ներկայով, ոչ էլ ապագայով: Ավելին, հավանական եմ համարում, որ ՀԱԿ-ն ընտրություններին կգնա մենակ, «Բարգավաճ Հայաստանն» ի վերջո իրավունք կստանա միայնակ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին` պայմանով, որ նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- նկատել է Բագրատյանը:

Վերջինս համոզված է, որ ընտրություններն աննախադեպ կեղծվելու են, եւ լրագրողներին մայիսի 7-ին հրավիրեց Ազատության հրապարակ: Հարցին, թե չկեղծվելու դեպքում որքան կստանա ՀԱԿ-ը ընտրություններին, Բագրատյանը պատասխանեց. «40-45 տոկոս»:

Դիտարկմանը, թե ճիշտ չէ՞ արդյոք ընտրություններին չմասնակցելը, եթե համոզված են, որ կեղծվելու է, Բագրատյանը նշեց, որ չի կարող միանշանակ պատասխանել, սակայն 90 տոկոսով վստահ է, որ չմասնակցելը սխալ է: