Մոսկվայի «Դաեւ-Պլազա» բիզնես-կենտրոնում խուզարկություն են իրականացրել Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործում ի հայտ եկած նոր հանգամանքների կապակցությամբ:

Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տուժածների փաստաբան Ռուբեն Մարկարյանը: Մանրամասները դեռ հայտնի չեն, բացի նրանից, որ խուզարկությունն իրականացրել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի աշխատակիցները:

Նշենք, որ Աշոտ Եղիազարյանը 2010թ. դեկտեմբերից գտնվում է միջազգային հետախուզման մեջ խոշոր չափերի խարդախության մեղադրանքով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, քննության տվյալներով, Աշոտ Եղիազարյանը գործարար Վիտալի Սմագինի ձեռքից խլել էր «Եվրոպարկում» նրա ունեցած մասնաբաժինը` 1,5 մլրդ ռուբլի արժեքով: Նա նաեւ չի վերադարձրել իր պարտքը Ռոսիմուշեստվոյի փոխտնօրեն Միխայիլ Անանեւին 0,5 մլրդ ռուբլու չափով: 2010թ. նոյեմբերին Եղիազարյանը զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, իսկ նրա դեմ քրգործ էր հարուցվել: Աշոտ Եղիազարյանն ու նրա եղբայրը գտնվում են ԱՄՆ-ում: