Ժխտման քաղաքականությունը ոչ թե պարզապես կարծիք է, այլ պետական սուտ, քանի որ 30 տարի առաջ ընդունվել է ռասիզմի եւ խտրականության դեմ օրենքը: Այդ մասին, այսօր` դեկտեմբերի 22-ին, հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Սիլվի Անդրիյոն` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ:
Անդրիյոյի խոսքով, այդ օրենքը բավարար չէ խտրականության եւ ռասիզմի դեմ պայքարելու համար. «Ժխտողականության քաղաքականությունը պետք է խստությամբ պատժվի: Ֆրանսիան չի ձգտում վարկաբեկել Թուրքիային: Մենք հակված ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Այսօր պատիվ է մեր խորհրդարանի համար քվեարկել այդ օրենքի օգտին, այդ օրինագծի ընդունումից հետո կարելի է ասել, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պաշտպանված է»:
Ազգային շարժման համար միության պատգամավոր Միշել Դիֆենբահերը հանդես է եկել օրինագծի դեմ. «Ինչպիսին էլ որ լինեն Հայաստանի զգացողությունները, խորհրդարանը իրավասու չէ քվեարկել այդ օրինագծի օգտին: Հրեաների Հոլոքոստի գնահատականը Նյուրենբերգյան դատարանն է տվել: Մենք արջի ծառայություն կմատուցենք հայերին»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային խորհուրդը քննարկում է Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդ օրենքի խախտման դեպքում նախատեսվում է ազատազրկում 1 տարվա ժամկետով եւ 45.000 եվրոյի չափով տուգանք:




























