«Ես տպավորված եմ Թուրքիայի կողմից ուժի ցուցաբերումից»: Այդ մասին, այսօր` դեկտեմբերի 22-ին, հայտարարել է իշխող «Հանուն ժողովրդական շարժման միություն» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ:
«Երբ ես ուժի կիրառում եմ տեսնում մեր տարածքում, ես հասկանում եմ, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայի տարածքում: Օրինակ, Հրանտ Դինքի սպանությունը»,-նշել է պատգամավորը:
Պատրիկ Դեւեջյանը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունն ընդունվել է Թուրքիայի կողմից: «Այո, Հայոց ցեղասպանությունն ընդունվել է Թուրքիայի կողմից: 1919-ին մահվան դատավճիռ է կայացվել Ցեղասպանության կազմակերպիչների դեմ»,-ասել է նա եւ հավելել, որ պատմաբանները պետք է ազատ լինեն իրենց հետազոտություններում: «Ֆրանսիացի պատմաբանները հնարավորություն են ունեցել գրել Հայոց ցեղասպանության մասին: Թուրքիայում հայտնի պատմաբան Թաներ Աքչամը այնպիսի աղբյուրներ է օգտագործել, որոնք հայտնի չէին նույնիսկ հայերին: Բայց նրան այժմ հետապնդում են Թուրքիայում: Մենք այդ առումով Ֆրանսիայում զգուշանալու կարիք չունենք: Այդ օրինագիծը պատժում է ատելության քարոզումը»,-ասել է իշխող կուսակցության պատգամավորը:
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում ընթանում է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Օրենքով պատիժ է սահմանվում 45 հազար եվրո եւ մեկ տարվա ազատազրկում:




























