Հայաստանում հանքարդյունաբերության նպատակով օգտագործվում է 8.5 հազ. հա: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 22-ին հայտարարեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Դա Հայաստանի ընդհանուր տարածքի մոտ 0.3 %-ն է, որից 0.15 %-ը բաժին է ընկնում մետաղական հանքերին, իսկ 0.14 %-ը` ոչ մետաղական հանքերին:
2011 թ. արդյունահանված հանքաքարը բնեղեն արտահայտությամբ կազմել է 20,2 մլն տոննա, որը մոտ 10% -ով ավելի է նախորդ տարվանից: Պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 10%-ով, մոլիբդենինը` 15%-ով, բազմամետաղային խտանյութի արտադրանքը` 9,2%-ով, ցինկինը` 9,2%-ով:
Հանրապետությունում արտադրվել է 1266 կգ ոսկի, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 30%-ով:
Գումարային արտահայտությամբ հանքարդյունաբերության արտադրանքը մոտ 186,5 մլրդ դրամ է (մոտ 500 մլն դոլար), որը 19,5%-ով ավելի է նախորդ տարվա արդյունքից:
Ըստ նախարարի` 2011 թ. տրվել է հանքարդյունահանման 45 լիցենզիա, որոնցից միայն 3-ը` մետաղական հանքարդյունահանման:



























