Թուրքական Zorlu Holding-ը շաբաթ երեկոյան հայտնել է, որ իր գործադիր տնօրեն Ջեմ Քոքսալը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ իշխանությունները հետաքննություն են սկսել մահմեդականների Ռամադան սրբազան ամսվա ընթացքում կրոնական ազատության ենթադրյալ սահմանափակման հետ կապված էլեկտրոնային նամակագրության առիթով, տեղեկացնում է Reuters-ը։

Ուրբաթ օրը Zorlu Holding-ի դուստր ձեռնարկություն Vessel էլեկտրոնային ընկերության գործադիր տնօրեն Էրգուն Գյուլերը ուղերձ է հղել աշխատակիցներին, որոնք տոնում են Ռամադանի սկիզբը, որը սկսվել է շաբաթ օրը:

Ավելի ուշ Քոքսալը ներքին էլեկտրոնային նամակ է  ուղարկել, որում ասվում էր, որ ընկերությունը պաշտոնապես նշում է միայն Իդ ալ-Ֆիտր և Իդ ալ-Ադհան, այլ ոչ թե Ռամադանը, և որ ցանկանում է աշխարհիկ դիրքորոշում պահպանել, քանի որ ձգտում է դառնալ բազմազգ կորպորացիա, որտեղ աշխատում են տարբեր դավանանքի և ծագման աշխատակիցներ:

Այն բանից հետո, երբ էլեկտրոնային այս նամակի պատկերը տարածվեց տեղական լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով, Ստամբուլի դատախազությունը հետաքննություն սկսեց այդ հարցի առնչությամբ, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Թուրքական լրատվամիջոցի հաղորդմամբ, Քոքսալը շաբաթ օրը ձերբակալվել է «համոզմունքների, մտքի և կարծիքի արտահայտման ազատության իրավունքին  խոչընդոտելու համար»։

Ավելի ուշ Zorlu Holding-ը հայտարարել է, որ ընդունում է «կառավարման սկզբունքների շուրջ ներքին տարաձայնությունների պատճառով առաջացած զգայուն իրավիճակը», և որ Քոքսալը հրաժարական է տվել մարտի 1-ից: Ընկերությունը գործում է էներգետիկայի, անշարժ գույքի, էլեկտրոնիկայի, կենցաղային տեխնիկայի և տեքստիլի ոլորտներում։

Քոքսալի նկատմամբ հետաքննությունը սկսվել է  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի խոշորագույն TUSIAD բիզնես խմբի միջև անցած ամիս տեղի ունեցած վեճից հետո՝ կապված խմբի ղեկավարների մեկնաբանությունների հետ, որոնք քննադատել են կառավարության կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումները: