Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախկին խոսնակ, ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Ռասուլ Գուլիեւը որոշակի հաջողությունների է հասել իշխանություններից դժգոհ Արեւմտյան ադրբեջանցիների կլանն իր կողմը գրավելու հարցում: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը` վկայակոչելով նախկին խոսնակի մտերիմներից մեկի հաղորդած տեղեկությունները:
«Ռասուլ Գուլիեւը ակտիվ շփումներ է հաստատել Ադրբեջանի արեւմտյան շրջանների հեղինակավոր անձանց հետ եւ նրանց հետ համագործակցելու պայմանավորվածություն է ձեռք բերել: Բացի այդ, Ադրբեջանի հայտնի մտավորական, պրոֆեսոր Ֆիրուդին Ջելիլովը հանդիպել է Թուրքիայում Նախիջեւանի նախկին վարչապետ Բեջան Ֆերզելիեւի հետ: Նրանք քննարկել են Ռասուլ Գուլիեւի` Ադրբեջանում իշխանության գալու հարցը: Թուրքիայի ռազմական էլիտայի հետ կապեր հաստատելով` Ռասուլ Գուլիեւը կփորձի ստանալ հարեւան եղբայրական երկրի օժանդակությունը իշխանության գալու համար», գրում է «Ենի Մուսավաթ»-ը:
Աղբյուրը նաեւ հայտնում է, որ բանակցություններ են տարվում նաեւ ազատազրկված նախկին նախարարների հետ Ռասուլ Գուլիեւին օժանդակելու հարցի առթիվ նրա համաձայնությունը ձեռք բերելու համար:
Նշենք, որ Ռասուլ Գուլիեւը ղեկավարում է «Բաց հասարակություն» կուսակցությունը եւ այժմ էմիգրանտի կարգավիճակով հաստատվել է ԱՄՆ-ում: Նրա անունը վերջերս սկսել է շրջանառվել 2013-ի նախագահական ընտրություններում նախագահի հավանական թեկնածուների հարցի առնչությամբ: Ըստ էության, հենց դրանով է պայմանավորված Գուլիեւի կողմից ցուցաբերվող անակնկալ ակտիվությունը եւ Ադրբեջանի ներքին խնդիրներին միջամտելու փորձերը: Վերջերս նա հայտնել էր, որ շուտով վերադառնալու է Ադրբեջան, բացի այդ նա հայտարարել էր, որ 2013-ին դառնալու է Ադրբեջանի նախագահ:



























