Թուրքիան մեծ խաղ է սկսել Մերձավոր Արեւելքում, որի նպատակն է Սիրիայում տեղի ունեցած փոփոխությունների միջոցով ուժեղացնել Թուրքիայի դիրքերը Մերձավոր Արեւելքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Այս առումով այն գործընթացը, որը հիմա սկիզբ է առնում Թուրքիայում, իհարկե, պարզ չէ, թե այն ինչպես կշարունակվի, ես կարծում եմ, որ բխում է այս աշխարհաքաղաքական նոր դերակատարումից, որ փորձում է Թուրքիան ստանձնել: Այս առումով Թուրքիայի համար կարեւոր է քրդական հարցին գոնե որոշակի լուծում կամ լուծումի նման ինչ-որ փոփոխություն իրականացնել»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք կարող է դադարեցվել քրդական ինքնավարության համար պայքարը, թուրքագետը նշում է, որ ամեն ինչ պարզ կլինի մոտակա ժամանակներում եւ հնարավոր է , որ թուրքական իշխանությունները որոշ զիջումների կարող է գնալ:

«Մի հանգամանք եմ ուզում ընդգծեմ, որ Սիրիայի հյուսիսում գործող նախապետական ուժերը, որոնք համարվում են PKK-ի բաժանմունք, հայտարարել են, որ Օջալանի կոչը իրենց չի վերաբերում եւ իրենք զենքը վայր չեն դնում: Սիրիայում նույնպես ես կարծում եմ մոտակա շաբաթների ընթացքում մենք ականատես կլինենք քրդական հարցի հետ կապված որոշակի զարգացումների: Այսինքն, եթե ընդհանրացնեմ, քրդական հարցը այս աշխարհաքաղաքական փոփոխությունների փուլում ստանում է արդիականություն»,-ասաց նա: