Պաշտպանության ստվերային նախարարը և Մեծ Բրիտանիայի այլ պատգամավորներ զայրույթով են արձագանքել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի խոսքին, ըստ որի Ուկրաինայում առաջարկվող անգլո-ֆրանսիական խաղաղապահ ուժերը կլինեն «20 հազար զինվոր ինչ-որ պատահական երկրից, որը 30 կամ 40 տարի պատերազմ չի մղել», գրում է The Guardian-ը։
Դա տեղի է ունեցել, երբ Դաունինգ Սթրիթը բացահայտել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երկուշաբթի երեկոյան զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Մեծ Բրիտանիայի շարունակական ջանքերի շրջանակում՝ փորձելով իրականացնել կասեցված ուկրաինական խաղաղության ծրագիրը:
Թեև բրիտանացի քաղաքական գործիչները հիմնականում միակարծիք են տեսակետում, որ ԱՄՆ ռազմական ներկայության այս կամ այն ձևով անհրաժեշտ կլինի ցանկացած խաղաղության համաձայնագրում, նրանք վրդովված էին ԱՄՆ ուժերի կողքին Իրաքում և Աֆղանստանում պայքար մղած բրիտանական զորքերի նկատմամբ Վենսի ակնհայտ արհամարհանքից:
«Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան օգնության հասան նրան (ԱՄՆ-ին)՝ հազարավոր զորքեր ուղարկելով Աֆղանստան, նրանց թվում՝ իմ հարազատ եղբորը և բազմաթիվ խորհրդարանական գործընկերների՝ նախկինում և ներկայում: Խորապես անհարգալից է անտեսել նման ծառայությունն ու զոհաբերությունը», -հայտարարել է Մեծ Բրիտանիայի ստվերային պաշտպանության նախարար Ջեյմս Քարթլիջը:
Սթարմերի խոսնակն ուղղակիորեն չի պատասխանել Վենսի մեկնաբանությունների մասին հարցին, սակայն հաստատել է, որ բրիտանական զորքերը վերջերս կռվել են իրենց ամերիկացի գործընկերների կողքին:
«Վարչապետը և ես կարծում ենք, որ ամբողջ երկիրը մեծ հիացմունքով է վերաբերվում բրիտանական բոլոր զինծառայողներին, ովքեր ծառայել են, օրինակ, Իրաքում և Աֆղանստանում, որոնցից շատերը զոհվել են այդ ընթացքում և կռվել են դաշնակիցների կողքին, ներառյալ՝ Միացյալ Նահանգների», - ասել է նա։
Վենսը երեքշաբթի հայտարարել է, որ «անհեթեթության աստիճան անազնիվ» է ենթադրել, որ ինքը նկատի ունի Բրիտանիան կամ Ֆրանսիան, թեև այդ երկրները եղել են ԱՄՆ-ի հետ առնչություն չունեցող խաղաղապահ ուժեր տրամադրելու ջանքերի առաջնագծում:
«Տեսանյութում ես նույնիսկ չեմ հիշատակում Մեծ Բրիտանիան կամ Ֆրանսիան, որոնք խիզախորեն կռվել են ԱՄՆ-ի կողքին վերջին 20 և ավելի տարիների ընթացքում»,- գրել է նա սոցիալական ցանցերում: Բայց եկեք անկեղծ լինենք. կան շատ երկրներ, որոնք կամավոր (մասնավոր կամ հրապարակային) աջակցություն են ցուցաբերում՝ չունենալով մարտական փորձ կամ ռազմական տեխնիկա՝ որևէ նշանակալի բան անելու համար»:
«Ակնհայտ է, որ նրանց քաջությունն ու խիզախությունը օգնեցին ապահովել համաշխարհային անվտանգությունը, պաշտպանել մեր արժեքներն ու ազգային շահերը»,-շետել է նա:
Սթարմերի խոսնակը հայտարարել է, որ վարչապետը շաբաթավերջին երկու անգամ խոսել է Թրամփի հետ, իսկ երկուշաբթի երեկոյան կրկին խոսել է ԱՄՆ նախագահի հետ:





























