Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը երեքշաբթի դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 25 տոկոս մաքսատուրքերի սահմանումը մեքսիկական ապրանքների նկատմամբ և հայտարարել, որ իր կառավարությունը կպատասխանի իր միջոցներով, հայտնում է Reuters-ը։

Թրամփի լայնածավալ մաքսատուրքերը շրջադարձային կետ են Մեքսիկայի և Միացյալ Նահանգների միջև ավելի քան 30 տարվա տնտեսական ինտեգրման մեջ և կարող են խոր հետևանքներ ունենալ Լատինական Ամերիկայի մեծությամբ երկրորդ տնտեսության համար:

Մեքսիկան և Միացյալ Նահանգները միմյանց հիմնական առևտրային գործընկերներն են, և առանցքային արդյունաբերությական ոլորտները, մասնավորապես՝ ավտոմոբիլային ոլորտը, շահում են ապրանքների անդրսահմանային տեղաշարժից, ինչը նպաստում է նրանց եռակողմ առևտրային համաձայնագիրը, որի մեջ մտնում է նաև Կանադան:

«Ոչ մի հիմք չկա այս որոշմանը աջակցելու համար, որը կազդի մեր ժողովրդի և մեր պետությունների վրա... Ոչ ոք չի հաղթելու»,- հայտարարել է Շեյնբաումը առավոտյան իր հերթական ասուլիսում։

Նա նշել է, որ մանրամասներ կներկայացնի Մեքսիկայի պատասխանի վերաբերյալ, ներառյալ պատասխան սակագները, կիրակի օրը մայրաքաղաքի հայտնի Սոկալո հրապարակում կայանալիք միջոցառմանը:

Շեյնբաումը հավելել է, որ այս շաբաթ՝ «հավանաբար հինգշաբթի» կխոսի Թրամփի հետ։

Երեքշաբթի առավոտյան մեքսիկական պեսոն անկում է ապրել՝ դոլարի նկատմամբ նվազելով մոտ 1%-ով, միևնույն ժամանակ երկրի հիմնական ֆոնդային շուկան ընկել է ավելի քան 1%-ով։

Շեյնբաումի համոզմամբ՝ ԱՄՆ սպառողներն ու ձեռնարկությունները տուժելու են Մեքսիկայից ներկրվող ապրանքների բարձր գներից, իսկ ավտոմոբիլային արդյունաբերությունը կբախվի «ամենամեծ մարտահրավերներին»:

Վերլուծաբանների գնահատմամբ՝ մաքսատուրքերը կարող են միլիարդավոր դոլարների լրացուցիչ ծախսեր առաջացնել ավտոարտադրողների համար, որոնք իրենց մեքենաները ամբողջովին կամ մի մասամբ արտադրում են Մեքսիկայում:

Ավելի վաղ Մեքսիկայի կառավարությունը հրապարակել էր տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում վաճառվող պիկապ ավտոմեքենաների մեծ մասը, որոնք հայտնի են Թրամփի կողմնակիցների շրջանում, արտադրված են Մեքսիկայում։ Իր որոշումը մեկ ամսով հետաձգելուց հետո Թրամփը երկուշաբթի հայտարարեց, որ մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն, քանի որ Մեքսիկան, Կանադայի և Չինաստանի հետ միասին, չկարողացան բավականաչափ անել՝ դադարեցնելու համար մահացու ափիոնային ֆենտանիլի և դրա քիմիական պրեկուրսորների հոսքը Միացյալ Նահանգներ:

Շեյնբաումն, իր հերթին, հայտնեց, որ Մեքսիկան «վճռական գործողություններ» է ձեռնարկել 30-օրյա դադարի ընթացքում՝ նվազեցնելու համար ԱՄՆ մուտք գործող ֆենտանիլի քանակը:

Վերջին շաբաթների ընթացքում Մեքսիկան հազարավոր զորքեր է տեղակայել Միացյալ Նահանգների հետ սահմանի երկայնքով գտնվող թեժ կետերում և արտահանձնել մոտ 30 բանտարկյալների և թմրակարտելների հետ կապերի մեջ մեղադրվող այլ անձանց: