Դիլիջանի Իմպուլսը ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունն ավարտեց 6-րդ տեղում, ինչը չի բավարարում ակումբի ղեկավարությանը: Ակումբն ավելի բարձր տեղի հավակնություններ ուներ: Այս մրցաշրջանում ձեռք բերած փորձառությունը թիմին կօգնի ավելի հաջող հանդես գալ հաջորդ տարի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Իմպուլսի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշեց, որ մի շարք ֆուտբոլիստների առաջընթացը նկատելի է եւ դա կօգնի հաջորդ առաջնությունում:
«Առաջնության առաջին կեսը մենք անցկացրինք մի կազմով, երկրորդ կեսում խաղում էինք այլ ֆուտբոլիստներով: Մենք ակտիվորեն փնտրում էինք ֆուտբոլիստների, որոնք կհամապատասխանեին մեր խաղային ձեռագրին: Վերջնական արդյունքը մեզ չբավարարեց: Մենք կարող էինք ավելի բարձր տեղ գրավել: Կաշխատենք ու կձգտենք լավացնել թիմի խաղը»,- նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը:
Թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը` Նորայր Գյոզալյանը հայտարարեց, որ Իմպուլսը արժանի էր ավելի բարձր տեղի: «Առաջնության լավ ավարտի համար թիմին գուցե չհերիքեց փորձը: Թիմում առողջ, գործնական մթնոլորտ է, ինչը նպաստում է խաղային առաջընթացին: Կարեւորն այն է, որ մեր թիմը ցուցադրում է դիտարժան եւ հարձակողական ֆուտբոլ` հավատարիմ լինելով կոմբինացիոն ոճին: Հաջողությունը կարեւոր գործոն է ֆուտբոլում: Հենց այդ հաջողությունը մեզ չհերիքեց: Կձգտենք հաջորդ տարի ավելի հաջող խաղալ»,- հայտարարեց Նորայր Գյոզալյանը:
Պատրաստեց Խաչիկ Չախոյանը



























