Փարիզը ողջամտության եւ հանդարտության կոչ է անում Անկարային: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն հույս է հայտնել, որ Թուրքիայի արձագանքը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ չափից ավելի չի լինի:

«Հույս ունեմ, որ Թուրքիայի արձագանքը Ֆրանսիայի ԱԺ որոշմանը չափից դուրս չի լինի: Փարիզն ու Անկարան համատեղ ծրագրեր ունեն, Ֆրանսիայի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները սերտ են ու բազմատեսակ: Ինչ վերաբերում է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի հետկանչին, մենք ի գիտություն ենք ընդունել այդ որոշումը: Բայց ես ցավում եմ այդ առաջին արձագանքի համար ու թուրքական կողմին ողջամտության ու հանդարտության կոչ եմ անում»,-ասել է Ժյուպեն:

Փարիզից հետ կանչել դեսպանին խորհրդակցելու համար, մոտ ժամանակներում դադարեցնել համատեղ զորավարժանքները. այսպիսին էր Թուրքիայի արձագանքը Ֆրանսիայի Ազգային ժողովի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու որոշմանը: Պատասխան քայլերի մասին խոսել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ես չեմ հասկանում, թե քվեարկելիս նրանք ինչով էին ղեկավարվում: Այսօրվանից մենք դադարեցնում ենք Ֆրանսիայի հետ բոլոր զորավարժանքները: Մենք չեղյալ ենք համարում ֆրանսիական ռազմական ինքնաթիռների` Թուրքիայում ամենամյա վայրէջքի թույլտվությունը: Մեր նավանորոգարաններն այլեւս չեն սպասարկի ֆրանսիական ռազմանավերին: Ուզում եմ ընդգծել, որ սա դեռ առաջին պատասխան քայլն է մեր կողմից»,- թուրքական կառավարության ղեկավարի խոսքերը մեջբերում է vesti.ru-ն:

Ըստ Էրդողանի` Փարիզում պատմությունն օգտագործում են քաղաքական նպատակների համար: Օրինագիծն առաջարկել է իշխող կուսակցությունը: Հաջորդ տարի Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են, եւ, նրա խոսքով, Սարկոզին Թուրքիայի հետ հարաբերությունները զոհաբերել է հանուն նախընտրական քարոզարշավի:

Նա մեղադրել է Ֆրանսիայի նախագահին «թուրքատյացության ու իսլամատյացության» մեջ: Բացի այդ, Էրդողանը հայտարարել է, որ ինքը շրջագայելու է աշխարհի բոլոր երկրներում ու պատմի Ֆրանսիայի կողմից կատարված «ցեղասպանությունների» մասին:

Հիշեցնենք, Ֆրանսիայի Ազգային ժողովը  (խորհրդարանի ստորին պալատը) դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը, որն առաջարկել է իշխող Հանուն ժողովրդական շարժման  (UMP) կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեն: Նրան աջակցել են իշխող կուսակցության, սոցիալիստական ընդդիմության եւ կենտրոնամետ պատգամավորների մեծամասնությունը: Այժմ օրինագիծը կներկայացվի խորհրդարանի վերին պալատի` Սենատի հաստատմանը:

Ազգային ժողովի հանձնաժողովներում փաստաթղթի դիտարկումից հետո ձեւակերպումը փոխարինվել էր հետեւյալով` «պատիժ օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունները  ժխտելու համար»: Տեքստը ենթադրում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրոյի տուգանք: Ֆրանսիան երկու ցեղասպանություն է ճանաչել` հոլոքոստը (1990թ.) եւ Հայոց ցեղասպանությունը (2001թ.):

Օրինագիծը դեռ պետք է դիտարկվի խորհրդարանի վերին պալատում` Սենատում: Պատգամավորների գնահատմամբ` քննարկումները կարող են տեւել մի քանի ամիս: