Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաեւ Ֆրանսիայի հայ եւ թուրք համայնքների հարաբերությունների միջեւ մեծ փոփոխություններ տեղի չեն ունենա, նման կարծիք է հայտնել Պրովանս-Մարսելի համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Տոնապետյանը: Այս մասին նա հայտարարել է պատասխանելով RFI-ի այն հարցին, թե ինչպես կազդի Ֆրանսիայում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերջնական ընդունումը հայ-թուրքական հարաբերությունների վրա:
«Ուղղակի Ֆրանսիայում ավելի հանգիստ կլինի այն առումով, որ հայերը, որոշ առումով, ազատված կլինեն այն վերքերից, որոնք ստեղծվում են ամեն անգամ, երբ լկտիաբար հերքում են այդ պատմական փաստի լինելիությունը: Եվ ամեն անգամ պետք է ապացուցել, որ այդպիսի բան եղել է: Դուք հասկանում եք, որ դա հսկայական էներգիայի վատնում է եւ մեծ հարված, որն ամեն անգան վերապրում են հայերը: Հուսանք, որ ֆրանսահայերը եւ ընդհանրապես ողջ աշխարհի հայերը դրանից կազատվեն: Այ դա է մեծ փոփոխությունը, իսկ Թուրքիայի կողմից ճնշումները, կարծում եմ, երկար չեն տեւի, շատ արագ այդ ամենը կանցնի: Միայն շատ կարեւոր է, որ Թուրքիայի վրա ճնշումը բավական ուժեղ լինի, որպեսզի պաշտոնական Անկարան ստիպված լինի, վերջապես, ընդունել հայ ժողովրդի ոչնչացման պատմական իրողությունը»,-ասել է նա:
Տոնապետյանը նշել է, որ Ֆրանսիայի հայ համայնքը այդ երկրի ԱԺ-ում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանն արձագանքել է «ուրախությամբ, թեթեւությամբ, հաղթանակի զգացումով»:
Խոսելով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության դասավանդման հնարավորության մասին, հաշվի առնելով այդ փաստի տարբեր մեկնաբանությունները հայերի ու թուրքերի կողմից, պրոֆեսորը նշել է, որ Հայոց ցեղասպանության մասին տարբեր պատմություններ չկան: «Կան փաստեր, որոնք հաստատված են, հայտնի են բոլոր ազնիվ պատմաբաններին: Կարիք չկա որեւէ բան փոխել: Կա գիտություն, կա պատմություն, կան հաստատված փաստեր, որոնք ցույց են տալիս, որ առաջին աշխարհամարտի ժամանակ ոչնչացվել է Արեւմտյան Հայաստանի գրեթե ողջ հայ ազգաբնակչությունը: Հստակ դժվար է ասել, բայց ոչնչացվել է մոտ 1,5 մլն հայ: Չկան պատմության տերբար տարբերակներ, կա մեկ պատմություն եւ Ֆրանսիայում այդ պատմության դասավանդման մեջ ոչինչ չի փոխվում: Հույս ունենանք, որ շուտով այդպես կլինի նաեւ բուն Թուրքիայում:
Այսօրվա թուրքերը մեղավոր չեն, որ ողջ 20-րդ դարի ընթացքում իրենց խաբել են: Հիմա պետք է մեծ աշխատանք տանել Թուրքիայի ներսում, որպեսզի, վերջապես, վերականգնվի ճշմարտությունը եւ որ այդ երկրում պաշտոնապես ընդունվի Հայոց ցեղասպանությունը: Ես հավատում եմ, որ դա լինելու է»,-ասել է Տոնապետյանը:
Հիշեցնենք, Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը, որն առաջարկել է իշխող Հանուն ժողովրդական շարժման (UMP) կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեն: Նրան աջակցել են իշխող կուսակցության, սոցիալիստական ընդդիմության եւ կենտրոնամետ պատգամավորների մեծամասնությունը: Այժմ օրինագիծը կներկայացվի խորհրդարանի վերին պալատի` Սենատի հաստատմանը:
Ազգային ժողովի հանձնաժողովներում փաստաթղթի դիտարկումից հետո ձեւակերպումը փոխարինվել էր հետեւյալով` «պատիժ օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունները ժխտելու համար»: Տեքստը ենթադրում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրոյի տուգանք: Ֆրանսիան երկու ցեղասպանություն է ճանաչել` հոլոքոստը (1990թ.) եւ Հայոց ցեղասպանությունը (2001թ.):
Օրինագիծը դեռ պետք է դիտարկվի խորհրդարանի վերին պալատում` Սենատում: Պատգամավորների գնահատմամբ` քննարկումները կարող են տեւել մի քանի ամիս:




























