ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 23-ի գիշերը աշխատանքն սկսել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու կոչով:

Եվրոպական երկրների, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի ղեկավարները հրաժարվել են հարգել բռնապետի հիշատակը:

Մարդկանց կեսը լքել է սրահը, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Նասիր Աբդ ալ-Ազիզ ան-Նասերը կոչ է արել հարգել  Կիմ Չեն Իրի հիշատակը, գրում է Reuters-ը:

«Ես դա տեղին չեմ համարում», - հայտարարել է դիվանագետներից մեկը:

Նախագահ ալ-Նասերը հստակեցրել է, որ արարողության անցկացման մասին որոշումն ընդունվել է «արձանագրությանը համապատասխան». նման խնդրանքով դիմել է ԿԺԴՀ պատվիրակությունը:

Արդյունքում լռության րոպեն ձգվել է 25 վայրկյան, ինչից հետո այն բոյկոտած երկրների ղեկավարները վերադարձել են դահլիճ, եւ նիստը շարունակվել է սովորականի նման:

ԿԺԴՀ-ում հյուսիսկորեական ռադիո եւ հեռուստաընկերությունները եթերում մանրամասն ներկայացնում են Կիմ Չեն Իրի վախճանի կապակցությամբ ստացված ցավակցական բազմաթիվ հեռագրերի բովանդակությունը:

ԿԺԴՀ առաջնորդի կրտսեր որդուն` Կիմ Չոն Ընին հասցեագրված նման հեռագրեր են  ուղարկել Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը, Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Նազարբաեւը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն, Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին: Հեռագրեր են ստացվել նաեւ Ինդոնեզիայի, Ռումինիայի, Մոնղոլիայի, Ռումինիայի, Լաոսի, Կամբոջայի, Վիետնամի եւ այլ երկրների ղեկավարներից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: