Վիսկոնսին նահանգի հանրապետական կոնգրեսական Ջիմ Սենսենբրեները ներողություն է խնդրել ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայից` նրա կազմվածքի հասցեին արված անվայել դիտողությունների համար:

Սենսենբրեները Ռոնալդ Ռեյգանի անվան վաշինգտոնյան օդանավակայանի սպասասրահում բջջային հեռախոսով խոսելիս զրուցակցին պատմել է Վիսկոնսին նահանգի եկեղեցիներից մեկում դեկտեմբերի 10-ին սուրբծննդյան բարեգործական աճուրդի ժամանակ իր հետ պատահած դեպքի մասին:

Սենսենբրեների խոսքով` կանանցից մեկը մոտեցել է իրեն եւ գովել առաջին տիկնոջը` ճարպակալման դեմ պայքարի ծրագրի համար, ինչին կոնգրեսականը պատասխանել է, որ Միշելին էլ չէր խանգարի կիրառել իր քարոզած միջոցները: «Մեզ մոտ քարոզներ է կարդում առողջ սննդի մասին, իսկ ինքը հսկայական հետույք ունի», - ասել է կոնգրեսականը, ով ինքն էլ առանձնապես անթերի կազմվածքով աչքի չի ընկնում:

Նրա անզգույշ խոսքերի մասին ոչ ոք չէր իմանա, եթե նա ինքը աջուձախ չսկսեր պատմել այդ մասին:  Հեռախոսազրույցը լսել եւ արձանագրել են լրատվամիջոցները: Նա ստիպված է եղել ներողություն խնդրել:

Սպիտակ տանն այդ միջադեպը չեն մեկնաբանում: Միշել Օբաման առողջ սննդի ջատագով է եւ մանկական ճարպակալման դեմ պայքարի  «Եկեք շարժվենք»  դաշնային ծրագիրն է իրագործում: Նա անգամ Սպիտակ տան դիմաց հողամաս է վերցրել, որտեղ էկոլոգիապես մաքուր արտադրանք է աճեցվում:  Դա, իհարկե, նրան չի խանգարում երբեմն-երբեմն համբուրգեր եւ ֆրի ուտել, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: