ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա  Միյատովիչը, դեկտեմբերի 22-ին, անհանգստություն է հայտնել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքն ընդունվելու կապակցությամբ:

«Ես հասկանում եմ այդ օրինագիծն առաջարկող եւ դրան աջակցող պատգամավորների մարդասիրական մղումները: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այդ իրավական լրացումների վերջնական ընդունումը լուրջ մտահոգությունների տեղիք կտա խոսքի ազատ արտահայտման միջազգային ընդունված ստանդարտների տեսանկյունից»,- ասել է Միյատովիչը:

Նա նաեւ նշել է իր այն մտավախության մասին, որ Ֆրանսիայի օրինակը կարող է վարակիչ լինել ԵԱՀԿ տարածաշրջանի մնացած երկրների համար` խոչընդոտելով հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի ազատ քննարկմանը:

«Տարբեր ժողովուրդների եւ տարածաշրջանների պատմության եւ մշակույթի հետ կապված որոշակի հայտարարությունների նկատմամբ ազգային արգելքներ սահմանելը հակասում է խոսքի ազատության միջազգային ընդունված չափանիշներին»,- ընդգծել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:

Միյատովիչը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սենատը կմերժի օրինագիծը: