Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել մեծ պատասխանատվությամբ ու հետեւողականությամբ մոտենալ Լեռնային Ղարաբաղի խնդրին:

«Այն, որ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ադրբեջանական կողմից համար մի հայտարարություն է անում, հայկական կողմի համար` բոլորովին այլ, դա չի կարելի համարել կառուցողական»,-հայտարարել է Ազիմովը դեկտեմբերի 22-ին, Վաշինգթոնում Ատլանտյան խորհրդի նիստում, անդրադառնալով ԼՂ խնդրին ու Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ազիմովը ափսոսանք է հայտնել, որ Մինսկի խմբի ջանքերը չեն բերել դրական արդյունքների:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, Արազ Ազիմովը անդրադարձել է նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակմանը, նշելով. «Ադրբեջանը բացասական է գնահատում ԱՄՆ Սենատի կողմից Ադրբեջանում այդ երկրի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությունը չհաստատելու փաստը»: Նրա խոսքով, եթե Մեթյու Բրայզան, այդպես էլ այդ պաշտոնում չհաստատվելով, ստիպված լինի հեռանալ Բաքվում իր պաշտոնից, «ամերիկացի դիվանագետների մոտ հարց կարող է առաջանալ, թե իրենք ո՞ւմ քաղաքականությունն են իրականացնելու` երկրի նախագահի՞, մի քանի սենատորների՞, թե՞ ապահովելու են լոբբիի անդամների շահերը»: