Անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը պայմանավորվել ենք, որ հետագայում էլի կլինեն հանդիպումներ. մեր նպատակն է գտնել ողջերին, եթե որեւէ կասկած կա, որ իրենք կարող է ողջ լինեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած հանդիպմանը:

«Այսինքն քանի դեռ մասունքները գտնված չեն եւ ծնողը համոզված չէ, որ դա իր երեխայինն է, ճիշտ ձեւակերպումն է,  որ առաջին հերթին պետք է ստեղծվի հնարավորություն սկզբից որոնել ողջերին»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով իր ճեպազրույցի ժամանակ իր արտահայտություններին, որից վրդովվել էին ծնողները, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Այո, ես ընդունեցի, որ ճիշտ կլինի այդ ձևակերպումը, որ մենք պետք է առաջին հերթին փնտրենք ողջերին, շեշտը դնենք դրա վրա:

Իրենք ասում են մեր երեխաները մահացած չեն, ողջերի մեջ պետք է փնտրել: Հանձնաժողովների աշխատանքները պետք է միտված լինեն դրան, որ եթե գերի ընկած կա, ողջ կա, որի ուղղությամբ կարող ենք աշխատանք տանենք, դա լինի հիմքը։ Իսկ եթե մասունքներ գտնենք, նաև ուսումնասիրությունների արդյունքում պետք է պարզենք, թե դա ում մասունքն է: Այդ ծավալի մեջ կարող են հայտնվել մասունքներ, որը պետք է ուսումնասիրի, թե ում է պատկանում։ Կարող է, օրինակ, մասունք լինի, որ ոչ թե մերն է, այլ ադրբեջանցու է

Այսինքն երբ ասում ենք, որ մենք պետք է որոնենք, որոնողականը չի վերաբերվելու միայն մասունքներ փնտրելուն, այլ նաև ողջերին գտնելուն»,-ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ լսումների ժամանակ խոսվել է քննության միջոցով ձեռք բերված փաստացի տվյալների մասին, թե որտեղ փնտրենք անհետ կորածին կամ զոհվածի մահվան հանգամանքները. «Մոտավորապես, 173 այդպիսի գործերի շարունակություն կա: Մասունքները պետք է փնտրել այսօր հակառակորդի մոտ, բայց դրան հասնելու համար հանձնաժողովները և՛ Հայաստանի, և Ադրբեջանի, աշխատում են: Նաեւ հանդիպում ենք ունեցել ԱԱԾ տնօրենի հետ եւ պետք է հասնենք, նրան, որ բոլորին բոլորի հետ փոխանակենք: Խոսքը մասունքների մասին է:
Ծնողը կհանգստանա, երբ որ իր երեխայի գոնե մասունքը կգտնի, եթե պարզվի, որ զոհված է: Հողին կհանձնի և այդտեղ հանգստություն կգտնի»,-ասել էր Անդրանիկ Քոչարյանը: