Թուրք մտավորականությունը գնալով ավելի շատ է դատապարտում իր կառավարությանը` Հայոց ցեղասպանության հարցում: Այսօր` դեկտեմբերի 23-ին, մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, մեկնաբանելով Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից, երեկ` դեկտեմբերի 22-ին, ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման փաստը:
«Այս տարի Թուրքիայում ավելի դրական գնահատականներ են լսվում: Ես նկատի ունեմ ոչ միայն օմբուդսմենի գրասենյակը, այլ նաեւ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության բյուրոն:
Վերջիններս հայտարարում են, որ քննադատության օբյեկտը պետք է դառնա ոչ թե Ֆրանսիայի խորհրդարանը, այլ Թուրքիայի պետության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը»,-ասել է Մանոյանը:
Նա հավելել է, որ երբ 2006-ին Ֆրանսիայի ստորին պալատի կողմից ընդունվել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն առաջին ընթերցմամբ, մի շարք թուրք հրապարակախոսներ դեմ արտահայտվեցին դրան, իսկ այս անգամ նույն մարդիկ դատապարտում են իրենց կառավարության անզիջում քաղաքականությունը:



























