Հայաստանի ներքաղաքական կյանքում իրական կոնֆլիկտը փոխվել է, եւ այն այժմ ոչ թե իշխանության եւ ընդդիմության միջեւ է, այլ ներկոալիցիոն բնույթ է կրում: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Ըստ քաղաքագետի, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հակամարտությունը լիովին իրական է: Որպես օրինակ Ռիչարդ Կիրակոսյանը նշել է Իջեւանում կայացած ընտրությունները, որտեղ ԲՀԿ-ի թեկնածուն հաղթանակ տարավ հանրապետական թեկնածուի նկատմամբ:
«Մենք ՀՀԿ-ի կողմից տեսնում ենք լուրջ քայլեր ԲՀԿ-ի դեմ, բայց դեռ պատասխան քայլ կամ հակահարված չենք տեսել»,- ասել է Կիրակոսյանը: Վերջինս անակնկալ է որակել Հայ ազգային կոնգրեսի կողմից ԲՀԿ-ին արված համագործակցության առաջարկը:
Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, առաջիկա խորհրդարանական ընտրությունները լուրջ փորձություն են Հայաստանի նախագահի եւ վարչապետի համար: «Եթե տեղի ունենան իսկապես ազատ եւ արդար ընտրություններ, բարդ կլինի կանխատեսել դրանց արդյունքը»,- նշել է քաղաքագետը:
Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, անցնող տարվա դրական իրադարձություններից էր իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը: Հայաստանը երկխոսության կարիք ունի, բայց այն պետք է քաղաքական մակարդակի հասցվի, այլ ոչ անձերի միջեւ երկխոսության:




























