Ռումինիայում ՀՀ դեսպանությունում, դեկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ ռումինահայ համայնքի ղեկավարներին եւ երեւելի ներկայացուցիչներին պարգեւների հանձնման արարողությունը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ռումինահայոց միության նախագահ, նախկին նախարար, սենատոր Վարուժան Ոսկանյանը սեպտեմբերին Մովսես Խորենացիի մեդալ ստացել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, մնացյալներին ՀՀ Սփյուռքի նախարարության սահմանած մեդալները, ինչպես նաեւ պատվոգրերը հանձնել է դեսպան Համլետ Գասպարյանը:
Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալի են արժանացել բարերար Հակոբ Քրմզյանը եւ ԱԺ պատգամավոր, Խորհրդարանի Փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը, Վիլյամ Սարոյան մեդալի` բանաստեղծուհի եւ պատմաբան Անաիս Ներսիսյանը, գրող եւ հրապարակախոս Վարդան Առաքելյանը եւ Պետրոս Խորասանջյանը, լրագրող եւ թարգմանիչ Մադլեն Կարակաշյանը, Կոմիտաս մեդալի` ջազային հայտնի երաժիշտ Հարրի Դավիդյանը, Արշիլ Գորկի մեդալի` նկարիչ Միկլոշ Յակոբովիչը:
Սփյուռքի եւ Մշակույթի նախարարությունների պատվոգրերի են արժանացել օպերային երգիչ Էդուարդ Թումաջանյանը, լրագրող եւ թարգմանիչ Մադլեն Կարակաշյանը, գրող, թարգմանիչ, լրագրող Սարգիս Սելյանը, ջազային երաժիշտներ Կարպիս եւ Գաբրիել Դեդեյանները, նկարիչներ Պավել Բոտեզատուն, Դեբրեցեն Բոտոնդ Շիլարդը, կինոսցենարիստ Անուշավան Սալամանյանը, կինոսցենարիստ եւ դերասան Ֆլորին Գեւորգյանը, Արարատ եւ Նոր Կյանք պարբերականների գլխավոր խմբագիր Միքայել Ստեփան Գազազյանը, լրագրող եւ Հայ-ռումեն ու Ռումեն-հայ բառարանների հեղինակ Վարդան Մարթայանը, Արարատ հրատարակչության տնօրեն Սիրուն Թերզյանը, Ռումինիայի Հայոց միության գլխավոր քարտուղար վաստակաշատ Պերճ Մարգարյանը եւ նկարիչ, հայկական սրբապատկերների վերականգնման մասնագետ Հայկ Սարկավագ Ազարյանը:
Դեսպան Գասպարյանը շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքեր է ուղղել պարգեւատրվածներին` վստահություն հայտնելով, որ նրանք արժանի կրողները, պահապանները եւ շարունակողները կլինեն այն վիթխարի ժառանգության, որ դարերի ընթացքում ռումեն հյուրընկալ հողի վրա ստեղծվել է հայերի նախորդ փառավոր սերունդների ջանքերով, ինչպես նաեւ կապող կամուրջ կհանդիսանան Ռումինիայի եւ Հայաստանի միջեւ` էլ ավելի խորացնելու եւ զարգացնելու ավանդական բարեկամությունն ու համագործակցությունը:




























