«Եթե Պուտինը պատերազմն էլ ավելի սրի, եւ ամերիկյան աջակցությունը անհետանա, եթե դա հանգեցնի փախստականների թվի […] ավելացման, ապա մեզ անհրաժեշտ է ուկրաինացի փախստականների պարտադիր բաշխում ամբողջ Եվրամիությունում՝ արդար մեխանիզմի համաձայն», լրագրողներին ասել է Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեզերը, գրել է Politico-ն։

«Եվրոստատի» տվյալների համաձայն՝ անցյալ տարվա դեկտեմբերին ավելի քան 4,3 մլն ուկրաինացի ժամանակավոր պաշտպանության տակ է գտնվել եվրոպական երկրներում, տեղեկացրել է BBC-ն։ Մինչ այժմ ամենաշատ փախստականներ ընդունել են Գերմանիան, Լեհաստանը եւ Չեխիան, բայց եթե փախստականների նոր, ավելի մեծ հոսք լինի, «դա պետք է փոխվի»,- ասել է Ֆեզերը:

Գերմանիայի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ ինքը ներկայում փախստականների նոր հոսք չի ակնկալում, եւ դա ընդամենը սցենար է, որը պետք է քննարկեն նախարարները։ Ֆեզերն ավելացրել է, որ Գերմանիան կաջակցի Կիեւին, «քանի դեռ շարունակվում է Պուտինի սարսափելի հարձակումն Ուկրաինայի վրա»։