Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը չի նվազեցնի այդ երկրի միջնորդական ջանքերը ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Այսօր` դեկտեմբերի 23-ին, մամուլի ասուլիսում, նման տեսակետ է հայտնել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանը ի պաշտպանություն Թուրքիայի քայլեր չի կատարի եւ կասկածի տակ չի դնի Ֆրանսիայի հեղինակությունը որպես ԼՂ խնդրի կարգավորման միջնորդ: «Թուրքիայի կրտսեր եղբոր» իմիջը բարդ ու ոչ միանշանակ արձագանք է առաջ բերում նաեւ ադրբեջանական հասարակության մոտ:
Ղարաբաղի հարցում Ադրբեջանն, այսպես, թե այնպես, իր հայացքն ուղղում է ոչ այնքան ԵԱՀԿ Մինսկի խմբի, որքան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմը, որի ոչ մշտական անդամն է հանդիսանում: Բաքուն ամեն կերպ կփորձի ԼՂ խնդրի քննարկումը տեղափոխել ՄԱԿ-ի ԱԽ: Ուստի մեր ֆրանսիացի ընկերներին մենք կարող ենք հայտարարել, որ իրենց համար ոչ մի անցանկալի փոփոխություն սպասել պետք չէ»,- ամփոփել է նա:




























