Եվրամիությունը միջոցներ է ձեռնարկել՝ ի պատասխան պողպատի եւ ալյումինի ներմուծման ԱՄՆ նոր մաքսատուրքերի, որոնք ուժի մեջ են մտել մարտի 12-ին, նշվել է Եվրահանձնաժողովի հայտարարությունում։
Ինչպես նշվել է, Եվրոպական հանձնաժողովը սկսում է մի շարք հակաքայլեր՝ պաշտպանելու եվրոպական բիզնեսները, աշխատողներին եւ սպառողներին «այս չարդարացված առեւտրային սահմանափակումների ազդեցությունից»:
«Հանձնաժողովն ափսոսում է նման մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ որոշման համար՝ դրանք համարելով անհիմն, անդրատլանտյան առեւտուրը խաթարող եւ վնասակար բիզնեսի եւ սպառողների համար, ինչը հաճախ հանգեցնում է գների բարձրացման»,- նշվել է հայտարարությունում:
Ընդհանուր առմամբ, ԵՄ հակաքայլերը կարող են տարածվել մինչեւ 26 միլիարդ եվրո արժողությամբ ԱՄՆ արտահանումների վրա, ինչը համապատասխանում է ԱՄՆ մաքսատուրքերի տնտեսական ընդգրկմանը:
Միեւնույն ժամանակ, ԵՄ-ը պատրաստ է աշխատել ԱՄՆ վարչակազմի հետ՝ բանակցային լուծում գտնելու համար։
Նման լուծում գտնելու դեպքում վերոնշյալ միջոցները ցանկացած պահի կարող են հետ կանչվել:
«Մենք խորապես ցավում ենք այս միջոցի համար։ Սակագները հարկեր են։ Դրանք վատ են բիզնեսի, ավելի վատ՝ սպառողների համար... Գները կբարձրանան։ Ե՛վ Եվրոպայում, ե՛ւ ԱՄՆ-ում։ ԵՄ-ը պետք է գործի, որպեսզի պաշտպանի սպառողներին եւ բիզնեսը»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Նրա խոսքով՝ ԵՀ առաջարկած միջոցները «ուժեղ են, բայց համամասնական»։
«Քանի որ ԱՄՆ-ը 28 մլրդ դոլարի մաքսատուրքեր է սահմանում, մենք պատասխանում ենք 26 մլրդ եվրոյի հակաքայլերով: Սա համապատասխանում է ԱՄՆ մաքսատուրքերի տնտեսական մասշտաբին»,- ավելացրել է ֆոն դեր Լեյենը։
Նա նշել է, որ եվրոպական հակաքայլերը կներդրվեն երկու փուլով՝ սկսած ապրիլի 1-ից, եւ ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն ապրիլի 13-ից։
Որպես այս գործընթացի առաջին քայլ՝ շահագրգիռ կողմերի երկշաբաթյա խորհրդակցությունը տեղի կունենա մինչեւ մարտի 26-ը:
Ստացված տվյալների հիման վրա հանձնաժողովը վերջնական տեսքի կբերի իր հակաքայլերի առաջարկը եւ կանցկացնի խորհրդակցություններ։ Այս գործընթացի ավարտից հետո հանձնաժողովը մտադիր է մինչեւ ապրիլի կեսն ընդունել հակաքայլեր նախատեսող իրավական ակտ։



























