Գուանտանամոյի ռազմաբազայում մնացած բոլոր միգրանտները, որոնք նախկինում տեղակայվել էին այնտեղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զանգվածային արտաքսման արշավի շրջանակում, հետ են ուղարկվել Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրին։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր Գուանտանամոյի ժամանակավոր պահման կալանավայրն ընդլայնելու պլանների մասին. ԱՄՆ-ում կալանավորված 30 հազար ապօրինի ներգաղթյալների տեղավորելու համար Պենտագոնին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ ուսումնասիրելու այս հարցը։ Միգրանտների համար ռազմական ինքնաթիռների ուղարկումը ռազմակայան սկսվել է հունվարին, նախագահի երդմնակալությունից անմիջապես հետո։
Ինչպես նշել է WP-ը, ընդհանուր առմամբ մոտ 300 միգրանտներ 17 ռազմական ինքնաթիռներով տեղափոխվել են Գուանտանամո։ Փետրվարի 20-ին այստեղից իրենց հայրենիք են արտաքսել Վենեսուելայի 177 քաղաքացիներ։ Այս շաբաթ միայն 40 միգրանտ է մնացել Գուանտանամոյում, որոնք հետ են ուղարկվել Միացյալ Նահանգներ եւ տեղավորվել Լուիզիանայի կալանավայրում։ Դրանից երկու շաբաթ առաջ բազայից ԱՄՆ է վերադարձվել եւս 48 մարդ։
Պարբերականի տվյալներով՝ Գուանտանամոն արտաքսումների կենտրոնի վերածելու ծրագրերը բախվել են նյութատեխնիկական եւ իրավական դժվարությունների։ Միգրանտներին ռազմաբազա ուղարկելը թանկ գործողություն է, ինչպես ավելի վաղ հաշվարկել էին NBC-ի լրագրողները. 9 միգրանտների տեղափոխումը ռազմաբազա արժեցել է 207-249 հազար դոլար, այսինքն՝ 23-27 հազար դոլար մեկ անձի համար։ Նաեւ մի շարք հասարակական կազմակերպություններ հայցեր են ներկայացրել ամերիկյան դատարաններ՝ մատնանշելով օրենքի խախտումները եւ Գուանտանամոյի բանտում պահելու ծանր պայմանները: Այս ռազմակայանի միջոցով միգրանտներին արտաքսելու ծրագրի հետագա իրականացման հնարավորության հարցը մնում է բաց։





























