Հայաստանում հաստատված պղնձի պաշարները կազմում են մոտ 8 մլն տոննա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը կից բնական պաշարների գործակալության տնօրեն Խաչիկ Սապոնջյանը: Նրա խոսքով` պղնձի A, B եւ C1 կատեգորիաների (հաշվարկված պաշարները) պաշարները կազմում են 7978,5 հազ. տոննա: Նախնական գնահատված պաշարները (С2) կազմում են 754,1 հազ. տոննա: Այսպիսով, պաշարների ընդհանուր ծավալը կազմում է 8732,6 հազ. տոննա:
Դրանց մոտ 65%-ը կամ 5706,8 հազարը արտահաշվեկշռային պաշարներն են (որոնց արդյունահանումը ներկայումս տնտեսապես նպատկահարմար չէ):
Կանխատեսվող` P1 կատեգորիայի պաշարները մոտ 11 հազ տոննա են կազմում:
Նշենք, որ Հայաստանում պղնձի խոշորագույն հանքավայր է համարվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, որի պղնձի պաշարները գնահատվում են 5220 հազ. տոննա: Ծավալով երկրորդը Թեղուտի պղնմձամոլիբդենային հանքավայրն է (1500 հազ. տոննա պղինձ), որի լիցենզիան պատկանում է «Vallex Group»-ին: Հանքավայրն առայժմ չի շահագործվում: 2012թ. առաջին եռամսյակում ծրագրվում է սկսել մակաբացման աշխատանքները, շահագործման մեկնարկը նախատեսվում է 2013 թ. երկրորդ կիսամյակում:



























