«Մերիդիան» արբանյակի մասերը, որը նախօրեին չի հաջողվել դուրս բերել տիեզերք, ընկնելիս լուսանկարել են տեղի բնակիչները եւ տեղադրել ինտերնետում` որպես ՉԹՕ-ի նկարներ:

Արբանյակի բեկորներից մեկը հարվածել է Վայգացեվո բնակավայրի Կոսմոնավտների  փողոցի բնակելի տներից մեկի տանիքին: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Մետաղյա ծանր բեկորը մեծ արագությամբ հարվածել է տանիքին եւ ընկել վերնահարկ: Անդրեյի ընտանիքն այդ պահին բնակարանում է եղել: Տանտերը բակ էր դուրս եկել վառարանի համար փայտ տանելու նպատակով: Նա առ այսօր չի կարողանում ուշքի գալ տեղի ունեցածից հետո: «Ոչ, ես ոչինչ չեմ ասի»,- ասել է նա, հաղորդել է «Վեստի»-ն:
Տունն իսկույն շրջափակել է ոստիկանությունը: Տիտանից ձուլված բեկորը զգուշությամբ հանել են տանիքից եւ տեղափոխել ներքին գործերի շրջանային բաժանմունք: ԱԻՆ մասնագետը պատմում է. որ այն գնդի նման է` մոտ 5 կգ քաշով:

Իշխանությունները մտադիր են տուժածներին օգնել վերանորոգել տանիքը: Իրավապահ մարմիններում որեւէ մեկնաբանություն չեն տալիս: Արբանյակի բեկորն այժմ ուղարկվել է փորձաքննության, որն անցկացնում են ԱԻՆ քիմիառադիոչափական լաբորատորիայի մասնագետները: Հայտնի է, որ Վայգացեվո բնակավայրում  ռադիացիայի մակարդակը չի գերազանցում թույլատրելի սահմանները: