Ֆինլանդիայի ոստիկանությունը ազատ է արձակել Top Liberty նավի կապիտանին եւ նավաստուն, որի վրա ամերիկյան հակաօդային «Patriot»տեսակի հրթիռներ էին հայտնաբերվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նավաստիների նկատմամբ զինամթերքի ապօրինի արտահանման համար քրեական գործ է հարուցվել: Հայտնի չէ`մեղադրանքները կապիտանի եւ նավաստու վրայից հանվել են, թե ոչ:
Հիշեցնենք, Top Liberty -ին դեկտեմբերի 21-ին կանգնեցրել էին ֆիննական Կոտկա նավահանգստում: Բեռնանավի վրա ֆիննական մաքսավորները հայտնաբերել էին «Patriot» տեսակի 69 հակաօդային հրթիռներ, ինչպես նաեւ վառելիք եւ շուրջ 160 տոննա պայթուցիկ: Նշվել էր, որ նավը Գերմանիայից ուղեւորվել է Շանհայ, որտեղից էլ պետք է մեկներ Հարավային Կորեա: Ֆիննական իշխանությունները հայտնել էին, որ նավը նման բեռ տեղափոխելու թույլտվություն չուներ:
Դանիական Thorco ընկերությանը պատկանող նավի անձնակազմը բաղկացած է եղել ուկրաինացիներից: Ուկրաինայի ԱԳՆ-ն դեկտեմբերի 22-ին հերքել է երկու նավաստիների ձերբակալման լուրերը, սակայն նրանց մոտ հյուպատոսարանի աշխատակից է ուղարկել:
Ձերբակալությունից հետո Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայտնաբերված հրթիռները Բեռլինը վաճառել է Հարավային Կորեային, եւ որ գործարքը միջազգային նորմերին համապատասխան է կայացվել: Գերատեսչությունում նաեւ նշել են, որ հրթիռների տեղափոխման մասին լուրը հայտնել են ֆիննական մաքսային մարմիններին, տեղեկացնում է Lenta.ru-ն:




























