ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Դամասկոսում Սիրիայի անվտանգության ծառայությունների  շենքերի մոտ տեղի ունեցած պայթյունները:

Հիշեցնենք, դեկտեմբերի 23-ին Դամասկոսի կենտրոնում երկու պայթյուն է որոտացել: Վերջին տվյալներով` մահացել է 44 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Սիրիական իշխանությունները պատասխանատվությունը դրել են  «Ալ Քաիդա» խմբավորման վրա:

Դիվանագետները ցավակցություն են հայտնել զոհվածների հարազատներին, տուժածներին եւ Սիրիայի ամբողջ ժողովրդին, սակայն, դրա հետ մեկտեղ, Սիրիայի կառավարությանը, որին արեւմտյան եւ արաբական առաջնորդները պատասխանատու են համարում արդեն ինն ամիս շարունակվող ընդդիմադիր ցույցերի արյունալի ճնշման գործում, աջակցություն չեն հայտնել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: