Կուբայի իշխանությունները որոշել են 2900 ձերբակալվածների համաներմամբ ազատ արձակել` այդ թվում 25 երկրների 86 քաղաքացիների: Այս մասին դեկտեմբերի 23-ին ազգային ասամբլեայի նիստի ընթացքում հաղորդել է նախագահ Ռաուլ Կաստրոն:

Կուբայի Պետական խորհրդի ներկայացուցիչները հայտնել են, որ բանտերից կազատվի նաեւ «պետական անվտանգության դեմ հանցանք գործելու» համար դատապարտվածների մի մասը: Բայց ԱՄՆ քաղաքացի Ալան Գրոսը, որը 15-ամյա ազատազրկման է դատապարտվել Կուբա ինտերնետից օգտվելու սարքավորումներ բերելու համար, «ցուցակում չի նշվում»:
Գրոսի ազատազրկումը Վաշինգտոնի եւ Հավանայի միջեւ հարաբերությունների կարգավորման գլխավոր խոչընդոտներից է, նշում է BBC-ն:

Կոլումբիական իշխանությունները չեն ընդունում երկրում քաղբանտարկյալների առկայությունը, նրանց անվանելով «ամերիկյան վարձկաններ»:

Ռաուլ Կաստրոն հատկապես նշել է, որ համաներումը տեղի կունենա Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ի Կուբա կատարելիք այցի նախօրեին:

Ազատման ենթակա են առաջին հերթին կանայք, հիվանդները, տարեցները, նաեւ նրանք, որոնց, ինչպես նշվում է Պետական խորհրդի հաղորդագրության մեջ, «ժամկետի զգալի մասը լրացել է եւ որոնք իրենց լավ են դրսեւորել»:
Ընթացիկ տարվա հուլիսին կաթոլիկական եկեղեցու ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում Ռաուլ Կաստրոն արդեն ազատել էր 52 այլախոհների, որոնք ձերբակալվել էին 2003թ. զանգվածային ձերբակալությունների ընթացքում:

Վարչակարգին ընդդիմացողների նկատմամբ բռնությունների նոր ալիքը, որն Արեւմուտքում անվանում են «սեւ գարուն», տեղի է ունեցել այս տարի: Արդյունքում Եվրամիությունը դադարեցրել է Կուբայի հետ 2008թ. վերականգնված համագործակցությունը: