Մոսկվայում ակադեմիկոս Սախարովի պողոտայում դեկտեմբերի 14-ին տեղի կունենա «հանուն արդար ընտրությունների» արտոնված հանրահավաքը: Սոցցանցերում մասնակցության պատրաստակամություն է հայտնել 50 հազար մարդ:
Հանրահավաքը նախատեսվում է սկսել մոսկովյան ժամանակով ժամը 14-ին: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, «Տուրգենեւսկայա» մետրոյի կայարանի կողմից ակադեմիկոս Սախարովի պողոտայի երկայնքով ոստիկանության եւ ներքին զորքերի մեքենաներ են շարված:
Մայթերին ոստիկաններ եւ ՕՄՕՆ-ականներ են հերթապահում: Սադովայա փողոցում շուրջ 10 էվակուատոր է կանգնած: Հանրահավաքի անցկացման վայրը շրջափակված է մետաղական արգելապատնեշներով:
Հանրահավաքի կազմակերպիչներն արդեն հայտարարել են ելույթ ունեցողների ցանկը, գրում է rbc-ն:
Հանրահավաքին մասնակցելու ցանկություն է հայտնել նաեւ գործարար Միխայիլ Պրոխորովը, որը ՌԴ նախագահի թեկնածու է: Մասնակիցների ցուցակում է նաեւ Քսենիա Սոբչակը, ով բազմիցս հայտարարել է, որ գնալու է Սախարովի պողոտա: ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի մասնակցությունը հանրահավաքին, ով եւս կա ցուցակում, «Ինտերֆաքս»-ի տվյալներով, հարցականի տակ է:
Նախաձեռնության մասնակիցները մտադիր են ՌԴ Գերագույն դատարանին հայց ներկայացնելու ստորագրահավաք սկսել` Պետդումայի դեկտեմբերյան ընտրությունները անվավեր համարելու պահանջով: Այն, կազմակերպիչների խոսքով, նախապատրաստում է որակավորված փաստաբանների խումբը: Հայցը կներկայացվի 2012թ. հունվարին:






























