Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում անկարգություններին մասնակցելու համար 16 մարդ է ձերբակալվել: Այդ մասին դեկտեմբերի 24 –ին լրագրողներին ասել է շրջանային դատարանի ներկայացուցիչ Նուրսերիկ Շարիպովը:

Բացի այդ, ըստ նրա,  վարչական պատասխանատվության կենթարկվեն  անձինք, ովքեր չեն կատարել իրավապահների պահանջները,  հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Միաժամանակ` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ով դեկտեմբերի 23-ին ժամանել էր Ժանաոզեն, հայտարարել էր, թե անկարգությունների մասնակիցներին  հարձակման նախապես պատրաստել են` բաժանել են ձողեր, յուրաքանչյուրին վճարել են  20 հազարական տեգե:

«Անկարգությունների սադրիչների մի մասը ձերբակալվել են, սակայն նա, ով ղեկավարել է դա, ընդհանրապես Ժանաոզենում չի եղել:  Մենք լրջորեն հետաքննելու ենք այդ գործը եւ յուրաքանչյուր մահվան դեպքը»,- ասել է Նազարբաեւը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին, Ղազախստանի անկախության  20-ամյակի  տոնակատարությունների ժամանակ Ժանաոզենում տեղի էին ունեցել զանգվածային անկարգություններ, որի ժամանակ 15 մարդ էր զոհվել, մի քանի տասնակը վիրավորվել էր: Քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել: