Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Շլյախտուրովը լքել է Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության պետի պաշտոնը: Նա կզբաղվի ռազմավարական հրթիռների համակարգերի մշակմամբ` «Մոսկվայի ջերմային տեխնոլոգիաների ինստիտուտ» կորպորացիայի ղեկավարի պաշտոնում:
Դեռ հայտնի չէ, թե ԳՀՎ-ի պետի պաշտոնում ով կփոխարինի Շլյախտուրովին: Շլյախտուրովը ԳՀՎ-ի պետն էր 2009թ.-ից: Մինչ այդ նա զբաղեցնում էր պետի տեղակալի պաշտոնը եւ համակարգում էր ռազմավարական հետախուզությունը: 2011թ. հուլիսին Շլյախտուրովը դարձել է նաեւ «Օբորոնսերվիս» ԲԲԸ-ի տնօրեն:
Մոսկվայի ջերմային տեխնոլոգիաների ինստիտուտը զբաղվում է միջմայրցամաքային բալիստիկական հրթիռներով (ՄԲՀ) ռազմավարական գրունտային համալիրների, ստորջրյա ՄԲՀ-ների, հանքային հիմքով ՄԲՀ-ների, թեթեւ դասի հրթիռակիրների եւ այլնի մշակմամբ, ինչպես նաեւ մասնակցում է տիեզերական ուսումնասիրությունների ծրագրում եւ կրկնակի ու քաղաքացիական նշանակության արտադրություն է մշակում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























