Հայ թուրքագետները Ֆրանսիայի կողմից հայկական օրինագծի ընդունումը բացատրել են Փարիզի եւ Երեւանի շահերի համընկնմամբ:

Այսօր` դեկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը հայտնել է, թե տվյալ փուլում Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը ուրվագծում է թուրքական քաղաքականության ձախողումը: Ըստ թուրքագետի, դա մեծ հաղթանակ է, որին, սակայն, պետք է զգուշությամբ վերաբերվել: «Այժմ Հայաստանի եւ Ֆրանսիայի շահերը համընկել են»,- պարզաբանել է թուրքագետը եւ հավելել, որ Ֆրանսիայի խորհրդարանի քայլը կարելի է համարել որպես արձագանք ստորագրված, սակայն «սառեցված» արձանագրությունների հանդեպ Թուրքիայի դիրքորոշման:

Միեւնույն ժամանակ, Ֆրանսիան այդ հարցում կարող է օրինակ ծառայել այլ եվրոպական երկրների համար` նման օրինագծերի ընդունման հարցում. «Ես վերջերս եմ վերադարձել Գերմանիայից, եւ կարող եմ ասել, որ այնտեղ տարբեր մակարդակներում քննարկվում է Հայոց ցեղասպանության հարցը»:

Անուշ Հովհաննիսյանի կարծիքը շահերի համընկնման մասին կիսեց նաեւ թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը որակապես նոր փուլ է: Բայց ցավոք դա ոչ միայն հայկական արտաքին դիվանագիտության հաղթանակն է, նաեւ շահերի համընկնումը: