Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվող մարդասիրական օգնության չորս բեռնատարներն անցան հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով։
Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը Մարգարայի անցակետից։
Նշենք, որ քիչ առաջ բացվեց հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը, որպեսզի Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները տեղափոխվեն Թուրքիայի տարածքով։ Մարգարայի անցակետը բաց կլինի մինչև մարտի 31-ը։
Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ, նաեւ առաջին անհրաժ-եշտության այլ իրեր:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 20-ին, կառավարության նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, ըստ որի մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը դարձնում է գործող, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկի Սիրիա։
«Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ», - ասված է որոշման մեջ։




























